Դասընթաց՝ «Արտահանման շուկայավարման պլանավորում» թեմայով

2022թ․ ապրիլի 13-14-ը, Holiday Inn Yerevan-ում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց 27 շահառուների մասնակցությամբ՝ «Արտահանման շուկայավարման պլանավորում» թեմայով, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում:

Միջազգային փորձագետ Սաշո Ռիստեսկին ներկայացրեց թեմաներ՝ մարքեթինգի, բրենդինգի, արտադրանքի դիրքավորման, գովազդային ռազմավարությունների, պլանավորման և արտահանման հետ կապված հարցերի վերաբերյալ:
Դասընթացը հագեցած էր ոչ միայն տեսական այլ նաև գործնական մասերով, այսպիսով մասնակիցները հնարավորություն ստացան գործնականում կիրառելու ձեռք բերված գիտելիքները։ Դասընթացն ավարտվեց քննարկմամբ՝ հարց ու պատասխանի տեսքով։

Փորձի փոխանակման այց բարձրարժեք մշակաբույսերի և ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում մարտի 31-ից ապրիլի 2-ը տեղի ունեցավ փորձի փոխանակման այց բարձրարժեք մշակաբույսերի և ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ։

Շիրակի մարզի Մեծ Սարիար, Մայիսյան, Ախուրյան, Հայկավան, Լոռու մարզի Կուրթան, Վարդաբլուր, Սպիտակ, Ջրաշեն, Գեղարքունիքի մարզի Ծավազարդ համայնքներից 17 կանանց հնարավորություն ընձեռվեց իրենց փորձով կիսվելու և ոլորտում կիրառվող նորարար մոտեցումների հետ ծանոթանալու:

Գյուղատնտեսական նորարարական լուծումներ

Նորարարական, թվային տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության արդիականացման ոլորտում միանշանա՛կ կարևորվում է ամբողջ աշխարհում, քանի որ այն տալիս է գիտելիքների և ստուգված փորձի այնպիսի համադրում, որը բացի մեծ առաջընթացից հնարավորություն է ընձեռում զարգացնելու և օգտագործելու չուսումնասիրված և ոչ ավանդական արդյունավետ մեթոդներ:
2022 թվականի մարտի 2-ին, Կոտայքի մարզում գտնվող «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում, տեղի ունեցավ «Գյուղատնտեսական նորարական լուծումներ»՝ բիզնեսը բիզնեսին աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի «Գյուղական տնտեսական զարգացում նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO)» ծրագրի շրջանակում՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի ջանքերով:
Միջոցառումը նպատակ ուներ Հայաստանի միջին և խոշոր այգետերերին, ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին ներկայացնել Հայաստանում գործող նորարարական ծառայություններ և պրոդուկտներ առաջարկող ընկերությունների, որոնք առաջարկում են, օրինակ՝ գյուղատնտեսության բնագավառում արևային էներգիայի օգտագործման, հողի պարամետրերի խելացի չափիչ համակարգերի, ջերմատնային տնտեսություններում թվային տեխնոլոգիաների կիրառության, ջրային և հողային ռեսուրսների տեխնոլոգիական կառավարման, ավտոմատ ոռոգման համակարգերի, կենսաքայքայվող ջրակլանիչ նյութերի օգտագործման ուսումնասիրված և արդյունավետ հնարավորություններ:
Թեմաներին առնչվող զեկուցումներով և առաջարկներով հանդես եկան՝ Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Ագրոթեք ինկուբատորի ստարտափ մրցույթների հաղթողներ, ինչպես նաև՝ ՇՏԻԳԵՆ, ԳՐԻՆ ԳՐԱՈՒՆԴ, ՆՅՈՒԴԱՐՄ ԹԵՔ, ԷԿՈԹԵՔՆՈԼՈԳ և ՌԵՎԱԼԿՈՆ ընկերությունները:

Հերթական դասընթացը կին ձեռներեցների համար

Շարունակվում են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագրի «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» բաղադրիչի շրջանակներում կանանց համար իրականացվող դասընթացները։

Հերթական ներածական դասընթացը ձեռնարկատիրական հիմունքների, շուկայաբանության և հաղորդակցման հմտությունների զարգացման, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմաներով իրազեկության բարձրացման վերաբերյալ իրականացվեց Կոտայքի մարզի Թեղենիք համայնքում։ Մեզ սիրով հյուրընկալեց Bari Farm օրգանական գյուղատնտեսությամբ և տուրիզմով զբաղվող փորձացուցադրական տնտեսությունը։

Համայնքային ագրոտուրիզմի զարգացում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ ծրագրի «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» բաղադրիչի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ դասընթացների, մարտի 2-ին Սևան համայնքի գողտրիկ անկյունում՝ Բոհեմ արվեստանոց-թեյարանում, մեկնարկել է նաև «Ագրոտուրիզմը և հյուրընկալությունը որպես համայնքային զարգացման մոդել» դասընթացը։

Այն վարում է մեր հարգարժան գործընկեր և ոլորտի մասնագետ Արամ Հարությունյանը, ով ներկայացնում է նաև «ՀՈՎԵԿ» զբոսաշրջային գրասենյակը։

Դասընթացի նպատակն է համայնքային ագրոտուրիզմով զբաղվողներին ներգրավել միասնական ցանցի մեջ, զինել համապատասխան գիտելիքներով, խթանել համագործակցությունը։