Տեխնիկական աջակցություն

Փոքր դրամաշնորհներ

Զբոսաշրջային օպերատորների վերապատրաստում

«Զբոսաշրջային օպերատորների վերապատրաստում» ծրագրի շրջանակում թվով 20 զբոսաշրջային օպերատորներ հագեցած այցեր ունեցան Հայաստանի 5 գինեգործական մարզեր, որտեղ այցելեցին գինու պատմամշակութային հնավայրեր՝ ծանոթանալու խաղողագործության և գինեգործության հնագույն արմատներին:

Այցերի ընթացքում մասնակիցները եղան նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի շահառու հանդիսացող ընկերությունների գինեգործարաններում, անձամբ ծանոթացան արտադրողների և նրանց գինիների հետ և փորձեցին վերջիններիս կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթները:

Փոխակերպական նախագծերի իրականացում

Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում գործող «ԱՆԴ» ՍՊԸ-ն ուշագրավ արդյունքների է հասել իր հիմնադրման օրվանից՝ 2014թ.-ից: Ծովի մակերևույթից մոտ 1900 մետր բարձրության վրա տեղակայված ընկերությունը ծառայում է նորարարություն և առաջընթացի խորհրդանիշ մեղվաբուծության, այգիների կառավարման և մրգերի վերամշակման ոլորտներում:

Կիրառելով եվրոպական գերժամանակակից տեխնոլոգիաներ և արդի սարքավորումներ, ընկերությունը հանդես է եկել փոխակերպական նախագծով՝ ուղղված գյուղատնտեսական ներուժի զարգացմանը։ Նախագծի իրականացման հարցում առանցքային դեր է ունեցել  ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցությունն ու ծրագրի շրջանակում խնձորի և այլ մրգերի արկղերի անվտանգ և արդյունավետ բեռնաթափման համար նախատեսված սարքավորման ձեռքբերումը։ Այս ռազմավարական քայլը ոչ միայն դյուրացրեց արտադրական գործընթացը, այլև նշանակալի ազդեցություն ունեցավ Սյունիքի մարզի ողջ գյուղատնտեսական լանդշաֆտի վրա:

Մշտապես ձգտելով կատարելության՝ «ԱՆԴ» ՍՊԸ-ն ընդլայնեց իր գործունեությունը՝ մթերելով ավելի քան 100 տոննա միրգ տեղական տնտեսություններից և մասնակցելով միջազգային ցուցահանդեսներին, ինչը հանգեցրեց 19%-ով վաճառքի աճի 2023 թվականին: Ավելին, ընկերությունը ձեռնամուխ եղավ խնձորի արտահանմանը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ամրապնդելով հուսալի համաշխարհային մատակարարի համբավը:

Գերազանցություն որակից առավել

YellowBee ՍՊԸ-ի գործունեությունը մեկնարկել է 2011 թվականին, սակայն շրջադարձային դարձավ 2018 թվականը, երբ ընկերությունը մուտք գործեց գինեգործության աշխարհ: Այս անցումը նշանավորեց մի առանձնահատուկ նախաձեռնության սկիզբ՝ գինու արտադրություն հայկական լեռնաշխարհի դեղին մեղուներից ստացված մեղրից: Արդյունքը բացառիկ էր. գինի, որը գեղեցիկ կերպով համադրում էր մարգագետնային ծաղիկների բույրը անարատ պոլիֆլորային մեղրի նուրբ համի հետ: Ի տարբերություն սովորական խաղողի գինիների, YellowBee-ն պարզապես խմիչք չէ. այն արտացոլում է բնության հարստությունը: Ամբողջությամբ պատրաստված մեղրից՝ այս գինին աչքի է ընկնում բազմաթիվ օգտակար և բուժիչ հատկություններով, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց շուկայում:

Սարքավորումների և տեխնոլոգիաների ռազմավարական արդիականացման միջոցով, որը հնարավոր դարձավ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցությամբ, ընկերությունը գրանցել է արտադրական հզորությունների զգալի աճ։ Արտադրանքի որակի բարձրացման և ծառայությունների փաթեթի ընդլայնման արդյունքում ընկերության արտադրական ծավալներն աճել են 95%-ով՝ 1000 շշից հասնելով տպավորիչ 1950-ի։

Մեր շահառուներն արժանանում են բարձր գնահատականի

Հպարտ ենք տեղեկացնել, որ RED-NEO ծրագրի շահառու Jraghatspanyan գինեգործարանի՝ բացառիկ տեխնոլոգիայով պատրաստված գինին արժանացել է բարձր գնահատականի։
Ջրաղացպանյան Հատուկ Ընտրովի Տիգրանի 2021-ը աշխարհահռչակ «James Suckling» կայքի կողմից արժանացել է 94 միավորի՝ հաստատելով հայկական գինեգործության որակապես բարձր նշաձողն ու Արարատյան դաշտի գինեգործական հզոր ներուժը։

Իրականացնելով խոհարարական երազանքները

Ընտանիքի ապրուստը հոգալու նպատակով Նաիրա Օհանյանը 1999 թվականին ձեռնարկել է խմորեղենի արտադրություն՝ «Շատ համով է» ապրանքանիշի ներքո։

Կարճ ժամանակահատվածում սեփական խոհանոցի պայմաններում ծավալվող փոքրիկ նախաձեռնությունը վերածվել է զարգացող բիզնեսի, որը հանգեցրել է մասնագիտացված արտադրամասի հիմնադրմանը 2019 թվականին: Ընտանիքի անդամների համատեղ ջանքերով՝ Նաիրան գլխավոր հրուշակագործի, իսկ նրա ամուսինը առաքումների պատասխանատուի դերում, նրանք ընդլայնել են ծառայությունները՝ ներառելով լանչ տուփերի առաքում և հյուրասիրության կազմակերպում։ Գիտակցելով որակի կարևորությունը արտադրության մեջ՝ Նաիրան արդիականացրել է սարքավորումները ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցությամբ՝ ապահովելով համապատասխանությունը որակի խստագույն ստանդարտներին:

Նաիրան նաև հաճույքով կիսվում է իր փորձով և գիտելիքներով պարբերաբար կազմակերպվող  վարպետութան դասերի շրջանակում՝ միաժամանակ աշխատատեղեր ապահովելով ոչ միայն համայնքի բնակիչների, այլև Արցախից տեղահանված մի շարք կանանց համար։ Բարձրորակ արտադրանքի շնորհիվ Նաիրան արժանացել է «Լավագույն համ» մրցանակին՝ ոգեշնչելով այլոց իր վճռականությամբ և համառությամբ։

Կանայք գյուղատնտեսության ոլորտում

Թազագյուլ Անդրեասյանը, որին ճանաչում են որպես «Բարի Կոթեցի» Գյուլնարա, մարմնավորում է խիզախ ու վճռական կնոջ կերպարը, որը նշանակալի դեր ունի իր համայնքի զարգացման գործում։

2019 թվականին Գյուլնարան իր հայրենի Կոթի գյուղում նախաձեռնեց հացի և հացաբուլկեղենի արտադրություն։ Ոլորտն ինքնին լի էր մարտահրավերներով, սակայն Գյուլնարան չնահանջեց և նույնիսկ ստանձնեց ծանր ֆիզիկական աշխատանքի կատարումը՝ զինվորական ծառայության պատճառով տղամարդկանց բացակայության հանգամանքում։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցությամբ Գյուլնարան արդիականացրեց արտադրական տարածքները՝ բարելավելով արտադրության արդյունավետությունը և ընդլայնելով իր շուկան: Ներկայում նա թարմ հացաբուլկեղեն է մատակարարում տեղի կրթական հաստատություններին և բանակին: Չնայած խոչընդոտներին, ինչպիսիք են հումքի մատակարարումը և նյութատեխնիկական խնդիրները, Գյուլնարան մեծ բավականություն է ստանում իր աշխատանքից՝ ինչն էլ հանդիսանում է նրա հաջողության գրավականը:

Ջիվանի գինիներով լի անմոռանալի տպավորություններ

Նոյան Վազ ՍՊԸ-ն, որտեղ սկիզբ են առնում «Ջիվանի» գինիները, մեկնարկել է գինեգործության
ոլորտում իր ճանապարհորդությունը 2011 թվականին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: Սկսելով
6 տոննա խաղողի վերամշակումից՝ 2019 թվականին ընկերությունն ընդլայնեց արտադրական
ծավալները մինչև 30 տոննա՝ առաջարկելով 7 տարբեր գինու տեսակներ:
2020 թվականին ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի շրջանակում ստացած
աջակցության շնորհիվ ընկերությունը ձեռք բերեց 6,5 տ ընդհանուր տարողությամբ խմորման տանկեր
և նորագույն խցափակման սարք, ինչը մեծապես նպաստեց արտադրության որակի ու անվտանգության
բարելավմանը: Հիմնադիր Հարությունյանը նշում է, որ աջակցությունն անգնահատելի էր
գործունեության արդյունավետության բարձրացման և նորարարության խթանման առումով։
Ընկերությունը սիրով հյուրընկալում է այցելուներին նաև նորաբաց համտեսի սրահում, որտեղ հյուրերը
վայելում են «Ջիվանի» գինիներն ու ծանոթանում հայկական գինեգործական ավանդույթների հետ։
Բիզնեսի այս նոր ուղղությունը ոչ միայն ամրապնդում է ընկերության ապրանքանիշը, այլև հաստատում
վերջինիս հանձնառությունը՝ գինով լի անմոռանալի տպավորություններ պարգևել բոլոր հյուրերին:

Վայելելով ակնթարթները Սթոռք գինիներով

Հայաստանի գեղատեսիլ Արագածոտնի մարզում գործող Սթոռք Նեսթ գինեգործարանն արագ զարգացող անկախ
ընկերություն է, որը ոգեշնչված է գինեգործության արվեստով և Հայաստանի գինեգործական ոլորտի աճող
հնարավորություններով: 2020 թվականին հիմնադրված խաղողի այգին, որը գտնվում է Արարատի մարզում
1100 մ բարձրության վրա, աչքի է ընկնում խաղողի մշակության հարուստ պատմությամբ՝ մ.թ.ա. 685
թվականից: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի աջակցության շնորհիվ ընկերությունը
ներդրել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնող տեխնոլոգիաներ՝ ապահովելով ջրի
խնայողաբար օգտագործումն ու խթանելով վերականգնողական խաղողագործությանը:
Սասունիկ գյուղում տեղակայված գինեգործարանում ստեղծվել է հաճելի և գողտրիկ միջավայր, որտեղ
այցելուները կարող են համատեղել նրբահամ գինու համտեսը և բնության վայելքը։ Հիմնադիր Կարեն Ճարակյանը
սիրով հրավիրում է բոլորին կիսելու իրենց կիրքը գինու հանդեպ և միասին անմոռանալի ակնթարթներ վայելելու։