Բերքի տոն

Նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ միջոցով, 4 շահառուներ՝ Armberry, Սարգսյան մեղր, Սուսաննա Հակոբյան, Կանաչ եղբայրներ ընկերությունները, հնարավորություն ստացան իրենց արտադրանքը ներկայացնելու «Գյուղական կյանք և ավանդույթներ» խորագրով բերքի ամենամյա փառատոնին, որն անցկացվեց սեպտեմբերի 26-27-ին, Կանաչ ուսուցման կենտրոնում։ Փառատոնի ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան ոչ միայն իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել, այլև ծանոթանալ այլ արտադրողների հետ և նոր կարևոր կապեր հաստատել:

Դեսպանի այցը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ միասին այցելել են Գոշ գյուղում գտնվող ֆերմերային խոհանոց, որտեղ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու «ֆերմայից սեղան» ձևաչափը՝ գործնականում։

Դեսպան Թրեյսին տպավորված էր ինչպես վերջերս գործարկված այդ նախագծով, այնպես էլ հիմնադրի ջանքերով՝ աշխատանքով ապահովելու իր համայնքի անդամներին, որոնք պատրաստում են համեղ և թարմ բազմապիսի ճաշատեսակներ այցելուների համար։

«Պարզապես հաճույք է տեսնել այսպիսի նախագծեր, որոնք աջակցում են ձեռներեցության զարգացմանը գյուղական համայնքներում, բարելավում են ծառայությունները և օգնում են ձևավորելու տեղական համագործակցություն բիզնեսի և համայնքի միջև՝ հանուն կայուն զարգացման» – նշել է դեսպան Թրեյսին։

«Ֆերմա-խոհանոցի» կայացմանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ «Համայնքային տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում։

Խաղողի վազի խնամք և ձմեռացման նախապատրաստում՝ առանց վազերը ծածկելու գործընթացի

2020թ․ մարտի 5-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում՝ խաղողի վազի ճիշտ խնամքի և ձմեռացման նախապատրաստման արդիական տեխնոլոգիայի վերաբերյալ, որի արդյունքում ֆերմերը կխուսափի վազերը աշնանը թաղելու և գարնանը հանելու ծանր ֆիզիկական աշխատանքից։ Մասնակիցները նաև տեղում ծանոթացան տեխնոլոգիայի առավելություններին, քանի որ միջոցառման վայրին կից գտնվում էր այգի, որտեղ արդեն իսկ կիրառվել էր տեխնոլոգիան: Միջոցառմանը ընթացքում ՔԱՐԴ Ագրոկրեդիտ ՈՒՎԿ-ի ներկայացուցիչը մասնակիցներին ծանոթացրեց «Ուրախ ֆերմեր» վարկատեսակի հետ, որն առաջարկում է դյուրին և հասանելի վարկեր՝ նշված հումքը ձեռք բերելու նպատակով:

Այս տեխնոլոգիան կիրառելու դեպքում կարիք կլինի օգտագագործել հատուկ հանքային պարարտանյութեր, ինչը ոչ միայն բույսը կդարձնի ցրտադիմացկուն, այլ նաև կամրացնի խաղողի վազի արմատային համակարգը: Սա նաև իր հերթին կնպաստի բույսի սնուցման բարելավմանը՝ ամրացնելով իմունային համակարգն ու դիմացկությունը կլիմայական և ոչ կլիմայական սթրեսներին։ Այս տեխնոլոգիայի կիրառումը կբացառի որոշ պարարտանյութերի օգտագործման կարիքը՝ ոչ միայն կրճատելով ավելորդ ծախսերը, այլ նաև բարելավելով խաղողի վազի բերքատվությունն ու որակը։ 2019 թվականին այս տեխնոլոգիան կիրառվել է Վայոց ձորի և Արարատի մարզերում (6 տարբեր ֆերմաներում), որի արդյունքում գրանցվել է 20-ից 25% բերքատվության աճ, ինչպես նաև ստացվել են բարձրակարգ խաղողներ։

ՎԴԻՊ-ը, որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց

2019 թ․ նոյեմբերի 7-ին ՔԱՐԴ հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի կազմակերպած «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը` որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթացը։

Դասընթացը վարում էր Գայանե Ավագյանը։ Մասնակցում էին գյուղատնտեսական սպասարկման կենտրոների (ԳՍԿ) ներկայացուցիչներ և շահառու ֆերմերներ։
Քննարկվող թեմաներն էին՝ ՎԴԻՊ-ի հիմնական սկզբունքները, ՎԴԻՊ-ի կիրառումը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում և PERSUAP-ով թույլատրված պեստիցիդների օգտագործումը ՎԴԻՊ-ում։ Դասընթացի վերջում հարց ու պատասխանի տեսքով քննարկվեցին առկա խնդիրներն ու դրանց հավանական լուծումները։

Գյուղատնտեսական մեքենաների ցուցադրություն/ պրակտիկ դասընթաց

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում իրականացվեց գյուղատնտեսական մեքենաների ցուցադրություն/ պրակտիկ դասընթաց՝ արդի գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողի որակի բարելավման և պահպանման վերաբերյալ:

Մասնակիցները ծանոթացան ժամանակակից մեքենաների և համակարգերի օգտագործման և գլխավոր առավելությունների հետ։ Շեշտ էր դրվել հատկապես գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման ընթացքում իրականացվող անվտանգության պրոցեդուրաների վրա։ Քննարկվեցին մեխանիկական գութանով և փոցխով հողագործության տարբերությունները, առավելություններն ու արդյունավետությունը։ Փոձագետը կարևորեց ուշ սեզոնի վառման թերությունները։ Այս պրակտիկան վնասում է հողը և վերացնում է  սննդարար նյութերը դաշտից։ Փոխարենը, ֆերմերներին ներկայացվեցին մշակաբույսերի մնացորդային կառավարման ժամանակակից ռազմավարությունները։ Հատուկ մեխանիզմներ օգտագործվեցին, որոնք հավաքում կտրատում և տեղում միավորում է մնացորդները։