Farmenia ընկերությունը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում աճեցնում է Հայաստանի ամենահամեղ ու առողջարար նեխուրն ու ռուկոլան։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Farmenia-ի սեփականատեր Green Brothers Company ընկերությանն այս բիզնես նախաձեռնությունը զարգացնելու հարցում, որն էլ իր հերթին նպաստել է արտադրողականության մեծացմանը, տեղում աշխատատեղերի ստեղծմանը և համայնքի տնտեսության ամրապնդմանը։
Անցած շաբաթ դեսպան Թրեյսին տեղում ծանոթացավ Farmenia-ի գործունեությանը, ինչը տպավորիչ էր թե՛ համայնքում աշխատատեղեր ստեղծելու, թե՛ համեղ ու առողջարար գյուղատնտեսական արտադրանք ապահովելու առումներով։
«Ուրախալի է, որ մեր ծրագրերը նպաստում են ձեռներեցության զարգացմանը գյուղական համայնքներում, բարելավում են արտադրական կարողությունները և օգնում գործընկերության ձևավորմանը բիզնեսի ու համայնքի միջև՝ ապահովելով կայուն արդյունքներ», – նշեց դեսպանը։ Նեխուրի ու ռուկոլայի արտադրության ու սառնարանային տնտեսության ձևավորման հարցում աջակցություն է ապահովվել ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում․ նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներքո։














